Երկիրը որևէ ազգի կամ ազգերի կողմից բնակեցված տարածք է, որը հարևան երկրներից սահմանազատվում է պետական սահմանով: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա ներկայումս հաշվվում է մոտ 250 երկիր, որոնցից 193-ը ինքնիշխան պետություններ են: Կան նաև այլ կարգավիճակ ունեցող երկրներ (գաղութային, ինքնահռչակ, փաստացի անկախ և այլն): Ինքնիշխան են համարվում քաղաքականապես անկախ երկրները, որոնք ինքնուրույն են իրենց ներքին և արտաքին գործերում, կարող են ընդունել օրենքներ, թողարկել դրամ, կնքել պայմանագրեր և այլն:
Երկրները միմյանցից տարբերվում են տարածքի մեծությամբ, բնակչության թվով, տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքով, պետական կարգով ու վարչատարածքային կառուցվածքով և, որ ամենակարևորն է, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով:
Տարածքի մեծությունն էական դեր է խաղում երկրի տնտեսական հզորության գործում: Ըստ տարածքի մեծության՝ առանձնացնում են խոշորագույն, խոշոր, միջին, փոքր և շատ փոքր երկրներ: Աշխարհում առանձնանում են 7 խոշորագույն երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան), որոնցից յուրաքանչյուրն զբաղեցնում է 3 մլն կմ2-ից ավելի տարածք: Այս երկրները միասին զբաղեցնում են երկրագնդի բնակելի տարածքի կեսը: Մեծ խումբ են կազմում խոշոր երկրները (1–3 մլն կմ2 տարածք): Դրանք 20-ն են (Արգենտինա, Ղազախստան, Սուդան, Ալժիր և այլն): Թվով ամենաշատը, մոտ 80, միջին մեծության երկրներն են (100 հզ. – 1 մլն կմ2 տարածք): Քիչ չեն նաև փոքր երկրները (10–100 հզ. կմ2 տարածք): Շատ փոքր երկրներն ունեն մինչև 10 հզ. կմ2 տարածք: Այս խմբի մեջ կան երկրներ, որոնց տարածքը չափվում է հարյուրավոր կիլոմետր քառակուսիներով: Դրանք այսպես կոչված գաճաճ կամ փոքրիկ պետություններն են (Լյուքսեմբուրգ, Լիխթենշթայն, Անդորա, Վատիկան, Մոնակո, Սինգապուր, Սան Մարինո և այլն):
Ինչպես տարածքի մեծության, այնպես էլ բնակչության թվով աշխարհի երկրներն ունեն շատ մեծ տարբերություններ: Եթե, օրինակ, Չինաստանի բնակչությունը 1,294 մլրդ է, ապա Վատիկանում կա ընդամենը 1000 բնակիչ: Ըստ բնակչության թվի՝ աշխարհի երկրները պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերի՝ շատ մեծ (500 մլն-ից ավելի), մեծ (100–500 մլն), միջին (10–100 մլն), փոքր (1–10 մլն) և շատ փոքր (մինչև 1 մլն) բնակչություն ունեցող երկրներ:
Երբեմն երկրները խմբավորում են ըստ աշխարհագրական դիրքի. առանձնացնում են մերձծովյան, թերակղզային, կղզային, կղզեխմբային երկրներ: Հատուկ խումբ են կազմում այն շուրջ 42 երկրները (այդ թվում և ՀՀ), որոնք անմիջապես ելք չունեն դեպի ծով: Համաշխարհային օվկիանոսի ծովային առևտրական ուղիներ մտնելու և պաշարներից օգտվելու բացակայությունը, որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց զարգացման վրա:
Աշխարհի երկրների դասակարգման կարևոր ցուցանիշներից է նաև պետական կարգը, որը բնութագրվում է կառավարման ձևով: Տարբերում են կառավարման 2 ձև՝ հանրապետական և միապետական:
Հանրապետական կառավարման դեպքում բարձրագույն օրենսդրական իշխանությունը պատկանում է ընտրովի ներկայացուցչական մարմնին՝ խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը: Հանրապետությունները լինում են նախագահական (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Ֆրանսիա, ՀՀ և այլն) և խորհրդարանական (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա և այլն):
Միապետական կառավարման դեպքում պետության գերագույն իշխանությունը միանձնաբար իրականացնում է պետության ղեկավարը, ընդ որում՝ գերագույն իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: Միապետ են համարվում թագավորը կամ թագուհին (Բելգիա, Դանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և այլն), կայսրը (Ճապոնիա), իշխանը (Անդորա, Լիխթենշթայն, Մոնակո), դուքսը (Լյուքսեմբուրգ), էմիրը (Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ), սուլթանը (Բրունեյ, Մալայզիա, Օման): Միապետությունները լինում են բացարձակ և սահմանադրական:
Մինչև 1990-ական թվականները աշխարհի երկրները դասակարգվում էին ըստ հասարակարգերի տարբերությունների, և առանձնացվում էր երկրների 3 տիպ՝ զարգացած կապիտալիստական, սոցիալիստական և նոր զարգացող: Մինչդեռ այժմ (սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո) դասակարգման հիմքում դրվում են սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը բնորոշող ցուցանիշները, որոնց համաձայն՝ աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա առանձնացնում են երկրների 3 հիմնական տիպեր՝ բարձր զարգացած, զարգացման միջին մակարդակի հասած և նոր զարգացող կամ թույլ զարգացած երկրներ: