Հայկական հին զրույցը ասում է, որ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը հանդիսանում է իշխան ձուկը: Երբ որ հայերը թվարկում են իրենց բնության անկրկնելի երևույթները՝ անպայման տրվում է իշխան ձկի անունը: Գեղարքունյաց ծովակի (Սևանա լճի) ընտիր ձուկը սկզբում իր նախնու՝ կարմրախայտի անունով է կոչվել: Այն որսում էին ծովակի բոլորեքյան ափերում ապրող մարդիկ: Բայց մի օր Գեղարքունյաց երկրի իշխանը արգելեց ամենքին ձուկ որսալ՝ ազդարարելով, թե ծովակի տերը ինքն է, հետևաբար նրա մեջ եղած ձուկը իրենն է: Այդպես, իշխանի ձուկ, իշխանի ձուկ ասելով, լճի ձուկը կոչվեց «իշխան»: Մեկ ուրիշ ավանդություն պատմում է, թե մի ճգնակայց՝ Իշխան անունով, փայտից մի ձուկ է պատրաստում և գցում Սևանի սառնորակ ու ականակիտ ալիքների մեջ: Այսպես Սևանա լճում հայտնվում է մի նոր հրաշալի ձուկ՝ ճգնավորի անունով կոչվելով «իշխան»:
Ձկնաբույծները կարծում են, որ իշխան ձուկն առաջացել է կարմրախայտից: Յուրօրինակ կենսապայմաններ ունեցող Սևանա լճում կարմրախայտները աստիճանաբար հեռացել են իրենց ցեղակիցներից, մեկուսացել և անցնելով ինքնուրույն զարգացման դարավոր ուղի՝ սկիզբ են դրել իշխան ձկանը։ Իշխանը գեղեցիկ ձուկ է՝ շքեղ արքայական հանդերձներով: Այց, ազնվական համարվող, ձուկն ունի արծաթափաէլ գլանաձև կամ իլիկաձև մարմին՝ ամբողջությամբ պատված կամ սև, կամ նարնջագույն, կամ կարմիր պուտերով՝ խայտերով: Չնայած իշխանն առաջացել է կարմրախայտից, բայց տարբերվում է նրանից: Ունի համեղ, վարդագույն, գրեթե անփուշ միս: Միջին մեծության ձուկ է: Երեքից-հինգ տարեկան հասակում նրա երկարությունը հասնում է քառասուն սանտիմետրի, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամի: